Եթե ներկայացրել եմ հաղորդում, դրանից հետեւում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք. Զեյնալյան

Նախաքննությունը կպարզի, պահպանենք նախաքննության գաղտնիքը, որովհետեւ դա հանգեցնում է նաեւ իմ անձնական կյանքի հարգանքի իրավունքին

Այո, ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր եւ իր ընտանիքի հասցեին համացանցով սպառնալիքներ են հնչել եւ ինքը դիմել է իրավապահներին:

Դիտարկմանը, որ սպառնալիքներ հասցնելու մեջ կասկածվողը մամուլին հայտնել է, որ ինքը միայն իր կարծիքն է ասել, սպառնալիքներ չի տվել, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Իհարկե, ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է: Եթե ներկայացրել եմ հաղորդագրություն, բնականաբար, դրանից հետեւում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Նախաքննությունը կպարզի, պահպանենք նախաքննության գաղտնիքը, որովհետեւ դա հանգեցնում է նաեւ իմ անձնական կյանքի հարգանքի իրավունքին»: Նա նաեւ հավելեց, որ ինքը պատկան մարմիններին ներկայացրել է օգտատիրոջ տվյալները:

«Այն հայտարարությունը, որ արեցի նախորդ ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի սահմանն անցած անձնավորությանը, դրա տակ արված սպառնալիքներ են եւ ոչ միայն սպառնալիքներ»,-ասաց նախարարը:

Նշենք, որ մամուլում նշվել էր, որ սպառնալիքները հնչեցրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին` Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ 35-ամյա Խորեն Ասլանյանը։

Նա Armlur.am-ին հայտնել էր, որ իրեն վրդովվեցրել էր նախարարի խոսքը, որ եթե ապացուցվի, որ սահմանը անցած ադրբեջանցին քաղաքացիական անձ է, ապա պետք է նրան արտահանձնել: «Ես մեկնաբանություն էի թողել, որ մեր ազգականն էլ էր քաղաքացիական անձ, բայց հակառակորդը նրան հետ չի տալիս: Դուք ո՞նց եք հանգիստ քնելու, եթե էդ մարդուն հանձնեք: Երևի էդ արտահայտությունն է ընկալվել որպես սպառնալիք»,-ասել էր Ասլանյանը: