«Ես ունիվերսալ ցուցարար չեմ, եկել եմ ինքս ինձ պաշտպանելու»

Մինչեւ վերջ պայքարում եմ հանուն արդարության

Ես ունեմ փոխանակման կետ եւ եկել եմ ինքս ինձ պաշտպանելու։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գրավատների պետտուրքի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներից Սամվել Մովսիսյանը, որին թերթերից մեկը ներկայացնում էր որպես ունիվերսալ ցուցարար։ 

«Մինչեւ վերջ պայքարում եմ հանուն արդարության եւ մինչեւ վերջ պայքարելու եմ նրանց դեմ, որոնք խաթարում են մեր երկրում  արդարությունը, ովքեր հարստահարում են մեր ժողովրդին, իմ պայքարը հավերժական է, ցմահ է»,–նշեց նա։

Ցուցարարը շեշտում է ներկա իշխանությունները ոչինչ չեն անում փոքր ու միջին բիզնեսի խթանման համար, մի բան էլ նպաստում են դրանց փակմանը. «Հիմա երկրույմ ոչ միայն օրինականություն չի, այլ օրինականությունը բռնաբարվում է, իշխանության են եկել մանր ու միջին բիզնեսին խթանելու, հիմա մեզ փակելով խթանո՞ւմ են։ Սա՞ է այս իշխանությունների խթանելը, պարո՛ն վարչապետ»։

Նրա պնդմամբ՝ իրենց պայքարը իրենց հանապազօրյա հացի համար է. «Մեր պայքարն արդար է, մեր պայքարը մեր հանապազօրյա հացը վաստակելու համար է եւ ոչ ավելին։ ես 25 տարի է զբաղվում եմ այս գործունեությամբ։ Իմ հագուկապից երեւո՞ւմ է, որ ես ավել վաստակող եմ»։

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Հավելենք, որ «Ժողովուրդ» թերթը ավելի վաղ գրել էր. «Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեւականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ»: