Մենք հետաքրքրված ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի. Ղրղզստան

Գլխավոր քարտուղարի հնարավոր բացակայությունը չի անդրադառնա գագաթնաժողովն անցկացնելու ծրագրերի վրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ անդամ պետությունների ղեկավարների ներկայությունը

Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դանիյար Սիդիկովը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա աշնանը երկրում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Ինչպես նշում է ru.sputnik.kg կայքը, պաշտոնյան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև  կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցին՝ մանրամասնելով, որ դրա վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Մենք՝ որպես նախագահող երկիր, հետաքրքրված ենք, որ գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի և կազմակերպությունը լիարժեք աշխատի»,-ասել է Սիդիկովը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ գլխավոր քարտուղարի հնարավոր բացակայությունը չի անդրադառնա գագաթնաժողովն անցկացնելու ծրագրերի վրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ անդամ պետությունների ղեկավարների ներկայությունը: