«Թրամփն ուզում է Գոլանի բարձունքը որպես նվեր ոսկե սկուտեղով մատուցել Նեթանյահուին»

Էրդողանը մտադիր է քայլեր ձեռնարկել

Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման դնել, գրում է РИА Новости-ն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը հղումով:

«ՄԱԿ-ն արդեն վերջնական որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ: Ես պատրաստվում եմ հանդիպել Թրամփին և ասել նրան, որ նա մեծագույն սխալ է գործում՝ Գոլանի բարձունքն ընտրություններին ընդառաջ որպես նվեր ոսկե սկուտեղով Նեթանյահուին մատուցելով: Դա սպառնում է ամբողջ աշխարհում խաղաղությանը: Մենք Գոլանի բարձունքի հարցը կբարձրացնենք ՄԱԿ-ում: Անհնար է, որ Գլխավոր ասամբլեան հավանություն տա դրան»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թրամփը «Թվիթեր»-ում գրառում էր արել, որում ասել էր, որ եկել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու ժամանակը, ինչը «բխում է Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության շահերից»:

Ավելի ուշ Եվրամիության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքն Իսրայելի մաս չի ճանաչում, իսկ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գոլանի բարձունքի կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշման ուղղակի խախտում կլինի:

Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կոչ է արել հստակ դիրքորոշում ցուցաբերել Գոլանի բարձունքի կարգավիճակի նկատմամբ և միջոցներ ձեռնարկել Իսրայելին այդ տարածքը լքել հարկադրող մի շարք բանաձևերի կյանքի կոչման ուղղությամբ:

Գոլանի բարձունքը մինչ 1967թ.-ն ընդգրկված է եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները գրավել են այդ տարածքը:  1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը: