Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ

Այս դատական ակտը, որեւէ ձեւով պատճառաբանված չէ, եւ մենք արդեն բողոքարկել ենք, տեսնենք վերաքննիչ դատարանն ինչ կասի

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արձանագրվեց, որ հիմքեր չկան ենթադրելու, որ նա մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից:  Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հիմք ընդունվեց այն, որ մնալով ազատության մեջ նա կարող է խոչընդոտել քննությանը:

Ալումյանը նկատեց, որ այդ հիմքը եւս հիմնավոր չէ, որովհետեւ օրինակ պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ. «Դրան գումարած, նրա բոլոր հանդիպումները համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, որոնք ԱԱԾ սպաներ են եւ հնարավոր չէ, որ պարոն Քոչարյանն ունենա որեւէ հանդիպում, որի մասին մեր իշխանություններն անտեղյակ լինեն»:

Պաշտպանը նշեց, որ դատարանը չժխտեց իրենց այս փաստարկները իր որոշման մեջ. «Այս որոշման մեջ պաշտպանական կողմից որեւէ փաստարկի դատարանը չի անդրադարձել: Պատկերացնո՞ւմ եք դատական ակտ, որի մեջ որեւէ բան չկա, թե ինչ ասաց պաշտպանական կողմը եւ չկա ոչ մի խոսք, թե ինչու դատարանը չհամաձայնեց պաշտպանական կողմի փաստարկների հետ: Այս դատական ակտը, որեւէ ձեւով պատճառաբանված չէ, եւ մենք արդեն բողոքարկել ենք, տեսնենք վերաքննիչ դատարանն ինչ կասի»: