24-ամյա բրիտանուհին մահացել է չափից շատ թխվածքաբլիթներ ուտելու փորձի հետևանքով

Մահվան պատճառ է դարձել սրտի նոպան, լուրջ վնասվածք է կրել նաև կնոջ գլխուղեղը

Բրիտանուհի Բեթան Գեսկինը մահացել է չափից շատ թխվածքաբլիթներ ուտելու փորձի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Լինքոլնշիր կոմսության Բուրն քաղաքում, այս մասին գրում է Daily Mail-ը:

24-ամյա կինն ընկերուհիներից մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ որոշել է մասնակցել «ֆուդ-չելենջին», որի մասնակիցները պետք է հնարավորինս շատ կլոր թխվածքաբլիթներ տեղավորեին իրենց բերանում:

Մրցույթի ժամանակ թխվածքաբլիթներն անզգուշորեն արգելափակել են նրա շնչուղիները: Բեթանը սկսել է հազալ, այնուհետև կորցրել է գիտակցությունը: Ընկերները շտապ հիվանդանոց են հասցրել նրան, սակայն բրիտանուհին մահացել է՝ 5 օր շարունակ արհեստական կոմայում գտնվելուց հետո:

Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի նոպան, լուրջ վնասվածք է կրել նաև կնոջ գլխուղեղը:

Հայտնի է, որ Բեթանը 3-ամյա դուստր ուներ: