Ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված. Արարատ Միրզոյան

Քաղաքային իշխանությունը չի հասցնի մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը նետեն գետնին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ ևս միացավ համապետական շաբաթօրյակին: 

Լրագրողների հետ զրույցի ժամանակ վերջինս անդրադարձավ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը և տուգանքներ սահմանելուն. «Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված»:

Նա նշեց, որ դիսոնանս չի տեսնում պաշտոնի և շաբաթօրյակին մասնակցելու միջև:

«Նորմալ է, առավել ևս հիմնական աշխատանքները բաց եմ թողել, ուշացել եմ»,-ասաց նա:

Ըստ ԱԺ նախագահի՝ քաղաքային իշխանությունը չի հասցնի մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը նետեն գետնին, թեև նշեց, որ իհարկե միայն քաղաքացիների հոգատար վերաբերմունքն էլ բավարար չէ: Նա նկատեց, որ աղբարկղերը իրարից հեռու են դրված:

Անդրադառնալով աղբի վերամշակման գործարանի անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ դա վաղուց պահանջված մի բան է, և գործադիրը հետևողականորեն և համառորեն  աշխատում և մտածում են այդ ուղղությամբ: «Մի քիչ տեխնիկանական խնդիր կա: Ամեն դեպքում աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ շուկան փոքր է, բայց արվում է աշխատանք, տեսնենք ինչ կստացվի»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը գեղեցկության, հոգեհարազատության տեսանկյունից Երևանը գնահատեց տասից` տասը բալ, իսկ մաքրության տեսանկյունից վեցից ավելի չգնահատեց և ավելացրեց, որ խնդիրը միայն մաքրությունը չէ, այլ նաև փոշին, ծառերի պակասը: