Կարճատև զբոսանքն ընդդեմ վաղաժամ մահվան

Բացահայտումը չինացի գիտնականներինն է
զբոսանք

Շանդունի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ շաբաթական 1-2 անգամ կարճատեւ զբոսանքները նվազեցնում են մարդու սրտի տագնապի, ինսուլտի կամ քաղցկեղի հետեւանքով վաղաժամ մահվան հավանականությունը։ Այս մասին հայտնում է Medical Xpress հանդեսը։

Համաձայն նրանց ուսումնասիրությունների, շաբաթական 1 կամ 2 անգամ այգում կամ պուրակում 10 րոպեանոց զբոսանքները 18 տոկոսով նվազեցնում են նշված պատճառներով վաղաժամ մահվան հավանականությունը։ Իսկ շաբաթական 2,5-5 ժամ չափավոր ծանրաբեռնվածությունը նույն ռիսկը նվազեցնում է 31 տոկոսով։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական վարժության տեւողությունը չպետք է պակաս լինի 10 րոպեից։ Գիտնականները ամենից օպտիմալ տարբերակը համարում են այն, որ մարդը շաբաթական 25 ժամ պետք է անցկացնի մաքուր օդում, զբոսնի, զբաղվի մարզումներով, ինչը սակայն ներկայիս դարում հնարավոր չէ, քանի որ մարդկանց մեծ մասը ունեն ծանրաբռնված աշխատանքային գրաֆիկ։