Ավագանին հաստատեց 2019 թվականի փոփոխված բյուջեն

Այն կավելանա 10 մլրդ դրամով
Հայկ Մարության

Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 22-ի իր արտահերթ նիստում հավանություն տվեց 2019 թվականի Երեւանի քաղաքի բյուջեի փոփոխված նախագծին:

Նոր նախագծով Երեւանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա: Բյուջեի փոփոխությամբ 20%-ով կբարձրանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, շուրջ 1000 երեխայի համար նախակրթարաններում կբացվեն նոր խմբեր, կիրականացվեն ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգման, ոռոգման նոր ցանցի անցկացման, թատրոնների, մարզադպրոցների հիմնանորոգման, ինչպես նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի մշակման, ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնման, մետրոյի եւ ճոպանուղու նախագծային աշխատանքներ:

Բացի այդ, նախատեսվում է 10 հեկտարով ավելացնել մայրաքաղաքի անտառապատ տարածքները, ամրացնել երրորդ կարգի վթարային շենքերը, ցանկապատել աղբավայրի տարածքը, ապահովել սանմաքրման մեքենաների լվացումն ու անվադողերի ախտահանումը: Ավագանու անդամները հարցեր են ուղղել եւ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել լրամշակված բյուջեի վերաբերյալ: