Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին այսօր առավոտյան, զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանը։
«Զանգեց, առավոտն եմ խոսել, ամեն ինչ ասել եմ, ասել եմ, որ մամուլի ասուլիս կտամ»,– ասել է նա։
Սամվել Բալասանյանը նշել է, որ վարչապետին ներկայացրել է իրավիճակը։
«Շինարարությունը, որ պետք է կատարվի, և շինարարության ժամանակ, բնականաբար, կլինի թոզ, կլինի ցեխ, կլինի նաև՝ ժողովրդին ինչ-որ տեղ անհանգստացնելը, որի համար ես մի քանի անգամ նույնիսկ խնդրել եմ, որ հարգելի գյումրեցիներ, եղեք համբերատար»,- ասել է Բալասանյանը։
Նրա խոսքով՝ փողոցաշինության ընթացքին խոչնդոտում են նաև քաղաքի տարբեր հատվածներով անցնող կապի ու էլէկտրական մալուխները։ Շինարարները հաճախ հենց այս խնդրին են բախվում։ Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս ընթացքում հնարավորինս նվազեցվել է նաև ջրահեռացման համակարգի և կոմունիկացիոն բնույթի մի շարք խնդիրներ։
Նշենք, որ ընտրված 34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ անհանգստությունը բացառելու համար, այս անգամ քանդելու են ոչ թե մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ` նախ մայթերը, ապա փողոցները:
«Մինչ այս, երբեք նման աշխատանքներ նման ծավալով չեն կատարվել: Ոչ մի խնդիր չունենք՝ փողը կա, նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա 3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո քաղաքում շուրջ 11 հազար 500 լուսացույց է տեղադրվելու»,– ասել է Բալասանյանը։
Խոսելով անօթևանության հանձնաժողովի մասին` քաղաքապետը նշեց, որ հանձնաժողովը վարչապետին տվյալները ներկայացնելու է հունիսի 30-ին, սակայն մինչև այդ Գյումրու քաղաքապետարանն արդեն ունի իր տվյալները. այս պահին Գյումրիում կա 2805 տնակ, դրանցից 451 չբնակեցված են, 410–ը` քարաշեն, իսկ 321–ը` կիսաքարաշեն:
«Մենք էլ քաղաքապետարանում մեր ներքին հանձնաժողովն ենք ստեղծել, որը աշխատում է ամեն օր, իսկ տնակներում բնակվողների կոնկրետ թիվը ճշտելու համար դիմել ենք էլեկտրական ցանցերին»,-նշել է քաղաքապետը:
0Comments