Դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին տեղյակ չէ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ասուլիսում հնչեցրած պնդումներին:
«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, և ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», – երեկ հայտարարել էր վարչապետը:
«Դժգոհության ալիքը կա, և վտանգավոր է, եթե վարչապետը այդ մասին տեղյակ չէ», – ասաց Գորգիսյանը՝ շարունակելով․ – «Հիմա քննարկվում է, մասնավորապես, Հարկային օրենսգիրքը, որի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Հենց հիմա Ազգային ժողովում քննարկվում են Գրավատների մասին օրենքում փոփոխություններ, որի հետ կապված՝ հասարակությունը կրկին ունի տարբեր դժգոհություններ: Մենք ամեն օր ստանում ենք բողոք-նամակներ, հանդիպում ենք քաղաքացիների հետ, որոնք տարբեր ոլորտներից և հիմնականում պետական կառույցների հետ առնչվելուց ունեն տարբեր խնդիրներ, և էս ամենին պետք է ընթացք տրվի, և պետք է էս ամենով զբաղվեն»:
«Ազատություն»․ – Այսինքն, այդ դժգոհության ալիքը կա:
Գևորգ Գորգիսյան․ – Իհարկե: Օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են արվում, քաղաքացիները՝ տարբեր ձևերով: Լավ է, որ քաղաքացիները սովորել են իրենց դժգոհությունը արտահայտել, այլևս միայն խոհանոցում սուրճի բաժակի շուրջ այդ դժգոհությունը չի մնում, բայց դա պետք է նաև լսողներ լինեն: Որովհետև հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է, բայց օրենսդրական դաշտը մնացել է նույնը:
«Ազատություն»․ – Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ քաղաքացիները, Ձեր համոզմամբ, դեռևս չեն զգում իրական փոփոխություններ իրենց կյանքում՝ հեղափոխությունից հետո:
Գորգիսյան․ – Դա փաստ է, որովհետև ամենօրյա շփումները մեր քաղաքացիների հետ դա են ցույց տալիս: Մարդկանց մոտ սպասելիքները շատ մեծ էին: Գործարարների ենք հանդիպում, ասում են՝ «մենք բոլորին բռնեցինք գրանցեցինք, ինչպես կառավարությունը պահանջել էր, և հիմա մենք ունենք խնդիր, որովհետև մենք սպասում ենք, որ գոնե Հարկային օրենսգիրքը կփոխվի, մեր հարկային բեռը կփոքրանա, որովհետև հիմա մենք փակման եզրին ենք»: Գոնե գազի գինը, հոսանքի գինը կիջնի ինչ-որ ձև, որը նաև մինչև հեղափոխությունը խոստացվում էր: Եվ այդ ամենը չի արվում, շատ բարձր ակնկալիքներ են ձևավորել, և հիմա շատ վտանգավոր է, որ այդ ակնկալիքների գոնե մի մասը, գոնե, էսպես, տենդենց, որ դրանք ինչ-որ մի փուլում կյանքի են կոչվելու, եթե հասարակությունը չտեսնի, շատ լուրջ դեպրեսիայի վտանգի առաջ ենք մենք կանգնելու:
«Լուսավոր հայաստան» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ անցած մեկ տարվա ընթացքում չկա նաև համակարգային պայքար կոռուպցիայի դեմ, թեև ընդունվեց հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենքը, սակայն այն այդպես էլ չստեղծվեց: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ կոռուպցիայի դեմ պայքարն այսօր հատվածային բնույթ է կրում:
«Ազատություն»․ – Համակարգային պայքար կոռուպցիայի դեմ Դուք չեք տեսնում:
Գորգիսյան․ – Դեռ չկա, չեմ տեսնում ո՞րն է, չկա համակարգային պայքարը դրա դեմ:
«Ազատություն»․ – Իսկ այս զգուշացումները՝ վարչապետի մակարդակով, որ «որևէ մեկին չի ներվելու, բերեք, գումարները, գողացածը հետ տվեք, միևնույն է՝ գալու ենք ձեր հետևից»:
Գորգիսյան․ – Ինչպե՞ս բերեն գողացած գումարները հետ տան, նայեք, դրա մեխանիզմներ չկան: Այսինքն՝ չկա ինչ-որ մեխանիզմ, ինչ-որ․․․
«Ազատություն»․ – Օրինակ՝ «Գոլդեն Փելես»-ը Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ է ետ տալ:
Գորգիսյան․ – Արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք դրանից հետո երաշխավորված է, որ նա այլևս քրեական հետապնդման չի ենթարկվելու որոշ չարաշահումների համար, կաշառակերության՝ չկա ոչ մի երաշխիք: Այսինքն՝ էդ հայտարարությունները չպետք է ուղղակի հայտարարություններ լինեն, պետք է մեխանիզմներ լինեն: Մեր կառավարությանը հիմա պակասում է կոնկրետությունը, այսինքն՝ միշտ արվում են քաղաքական հայտարարություններ, բարի կամքի հայտարարություններ, բայց դրանք կյանքի կոչելու կոնկրետ մեխանիզմներն են բացակայում:
Մարդը գործարար է, իրեն ասել են՝ «պետք է էսքան վճարես սրան, էսքան վճարես սրան, ստեղ կոռուցիա, ընդեղ կոռուպցիա, որ կարողանաս գոյատևել», մարդը արել է: Բայց հիմա մենք պե՞տք է արդյոք բոլոր գործարարներին բանտարկենք, և տնտեսությունը լուրջ վնասներ կրի, թե՞ պետք է տանք հնարավորություն, որ իրենք ինչ-որ ձև փոխհատուցեն հասարակության ու պետության դեմ կատարած իրենց․․․
«Ազատություն»․ – Կարծես թե այդպես էլ արվում է:
Գորգիսյան․ – Դե ինչպե՞ս՝ բայց դա չպիտի լինի հատային, չպիտի լինի կամայական մոտեցումները, դրա համար պետք է լինեն կոնկրետ մեխանիզմներ, պետք է կոնկրետ ֆիքսվեն խաղի կանոններ, որ «խաղի կանոնները այս են՝ արեք ու շարունակեք աշխատել»:
«Ազատություն»․ – Բաց, թափանցիկ:
Գորգիսյան․ – Բաց, թափանցիկ, այո:
0Comments