Նազարբաևի հրաժարականը չի խոչընդոտի ՀԱՊԿ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին

Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի ՀԱՊԿ-ում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու:

Հիշեցնենք, որ Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը: