Գրավատների եւ փոխանակման կետերի սեփականատերերը պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Բողոքի ակցիա

Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Նրանք հանդիպում են պահանջում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որեւէ այլ մեկի հետ չեն ցանկանում հանդիպել:

«Մնացածը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, միայն վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում: Նախորդ բողոքի ակցիայից հետո կառավարությունից 2 հոգու հետ հանդիպեցինք, իրենք իրար մեջ քննարկեցին և վերջ, որևէ արդյունք չկա: Մինչև մեր հարցն այսօր չլուծվի, չենք գնալու կառավարության դիմացից»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները նշել էին, որ այս փոփոխության արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում եւ Երեւանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում եւս կան պատգամավորներ, որոնք դեմ են նման նախաձեռնությանը, նրանց էվում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել է, որ դա իրոք մեծ բեռ է լինելու. «ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ եւ 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ եւ իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»:

Դիտարկմանը, թե որքանո՞վ է տեղին միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, հանձնաժողովի նախագահն արձագանքել էր, որ կքննարկեն, երկու կողմերին էլ կլսեն, եը ըստ դրա՝ որոշում կկայացնեն: