Փաշինյանը պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ

Կարեւոր է կառուցողական մթնոլորտը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ եւ արդբեջանցի օգտատերերին կոչ արեց դադարել վիճաբանել սոցցանցերում:

Մարտի 19-ին ասուլիսի ժամանակ վարչապետն ի թիվս կարեւորագույն մարտահրավերների նշեց, որ հայ հանրությունը շատ հեշտ է տրվում սադրանքներին:

«Եթե Ադրբեջանից երրորդ օղակի ինչ-որ պաշտոնյա հայտարարել է, որ ես վաճառել եմ Զանգեզուրը եւ Ղարաբաղը, հասարակության որոշակի մասը կհավատա եւ անգամ չի պարզի՝ այդպես է դա, թե ոչ:  Եկեք գիտակցենք այս սպառնալիքը եւ հակազդենք դրան: Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, ինչպես մենք»,-ընդգծեց Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ վարչապետը նշեց Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության կարեւորությունը:

«Կարեւոր ենք համարում նաեւ սպասվող երկխոսությունը: Երբ միջազգային հանրությունը խոսում է հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, ի՞նչ նկատի ունի, ով պետք է դա անի: Չեմ կարծում, որ միայն յուրաքանչյուր նախագահ պետք է իր հասարակությանը խաղաղության նախապատրաստի: Կարծում եմ, որ ես պետք է մասնակցեմ ադրբեջանական հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն եւ հակառակը: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ասելիք ունի՞ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին:

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հանարավորության համար: Բայց նման մոտեցումը չի կարող միակողմանի լինել: Կարեւոր է կառուցողական մթնոլորտը: Դա բոլորովին չի նշանակում մոտեցումների ընդհանրություն: Բայց մենք շփվում ենք եւ դա շատ կարեւոր է», - նկատեց Փաշինյանը:

Մեկ այլ նեգատիվ պահ է Արցախից, Հայաստանից, Ադրբեջանից սոցցանցերի օգտատերերի փոխադարձ վիրավորանքները:

«Որոշակի չափով պատճառները պարզ են: Բայց երբ որ դա սպառվի, ի՞նչ է լինելու այդ ժամանակ: Եկեք գոնե սոցցանցերում հասկանանք՝ բացի վիրավորանքներից մենք իրար այլ ասելիք ունե՞նք: Ես ուրախ կլինեի, եթե մարդիկ սկսեին քննարկել, այլ ոչ թե վիճել: Ասենք փոխանակվեցին վիրավորանքներով, իսկ հետո՞: Ես չեմ ասում հաճոյախոսություններով փոխանակվել, բայց չէր որ կարող են քննարկման թեմանր լինել: Դա քննարկման հարթակ է: Եթե մենք կարող ենք երկրների ղեկավարների, նախարարների, երբեմն լրագրողների մակարդակով խոսել, չէ որ կարելի է դա նաեւ ավելի լայն ձեւաչափով անել: Ես բարձրաձայն մտածում եմ եւ սա իմ ուղերձն է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի օգտատերերին», - նշեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք նա գործընթացի շրջանակում հանդիպել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Փաշինյանը վստահեցրեց, որ ի շահ գործի պատրաստ է հանդիպել եւ նախկին նախագահների հետ եւ նախկին նախարարի, ավելին՝ վերջինիս հետ անգամ արդեն հանդիպել է:

«Իմանալը եւ սովորելն ինձ համար շատ կարեւոր է: Բայց խոստովանեմ, դեռ նման անհրաժեշտություն չի եղել», -նշեց Փաշինայնը՝ խոսելով նախկին նախագահների հետ հանդիպման հնարավորության մասին:

 Խոսելով այն մասին, թե  ի վերջո ում է մտադիր Փաշինյանը ներկակացնել բանակցություններին, վարչապետը նշեց.

«Ես կարող եմ ներկայացնել այն սուբյեկտը, որը ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ: Ես կարող եմ ներկայացնել Ա՞ՄՆ-ն: Ոչ: Հետեւաբար ներկայացնում եմ Հայաստանը»: