Այդ մարդիկ ունեն նույն հեռախոսահամարները, WhatsApp-երը, Facebook-երը. Փաշինյան

Երբ ասում ենք՝ նախկինում իշխանության կողմից հրահանգ է գնացել, դա կոնկրետ անձանց միջոցով է եղել

Այն, որ իշխանությունների կողմից դատավորներին այլեւս չեն զանգում եւ չեն հրահանգում, բավարար չէ դատական համակարգի լիարժեք անկախության համար, բայց անհրաժեշտ պայման է։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դատական համակարգի անկախության ապահովման ուղղությամբ կատարվող բարեփոխումների մասին հարցին։

«Այն, որ իշխանությունների կողմից դատավորներին չեն զանգում, բավարար չէ դատական համակարգի բարեփոխման եւ նրա լիարժեք անկախության համար, բայց անհրաժեշտ պայման է, քանի որ առանց դրա հնարավոր չէ անկախ դատական համակարգ ունենալ։ Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգի ներսում պրոցեսներ կսկսեն, որոնք արդյունքում կբերեն իրապես դատական համակարգի անկախացման

Վարչապետը համոզված չէ նաեւ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները չեն օգտագործում իրենց կապերը դատական համակարգի վրա ազդելու համար. «Երբ ասում ենք՝ նախկինում իշխանության կողմից հրահանգ է գնացել, դա կոնկրետ անձանց միջոցով է եղել, հիմա այդ մարդիկ ունեն նույն հեռախոսահամարները, նույն WhatsApp-երը, նույն Facebook-երը կամ նույն ուղիները, որոնցով այդ հրահանգները տալիս էին, ընդ որում՝ կան մարդիկ, որոնք կառավարական կապ ունեն, օրենքով սահմանված կարգով հասնում է դա իրենց, հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ ուղիներն օգտագործվո՞ւմ են դատական համակարգի վրա ազդելու համար, ես, օրինակ, վստահ չեմ, 100 տոկոսով համոզված չեմ»։

Փաշինյանը միաժամանակ չի պնդում, որ դատական համակարգում իսպառ վերացել է կաշառքը: