Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը. Էրդողան

Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ  Ձեզ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: Ավելի վաղ Նեթանյահուի որդին միացել էր Էրդողանի և Նեթանյահուի Twitter-յան բանավեճին»:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Յաիր Նեթանյահուն Twitter-ում գրել էր, որ Ստամբուլը Կոստանդնուպոլիս քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնյաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան: Թուրքիայի նախագահը, ի պատասխան այդ գրառմանը, արձագանքել է հետևյալ կերպ.

«Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ  Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»:

Էրդողանն արտաբերել է հաճախակի կրկնվող այն խոսքերը, որ մինարեները իրենց սվիններն են, գմբեթները` սաղավարտները, մզկիթները` զորանոցները, մուսուլմանները` իրենց զինվորները և որ ոչինչ չի կարող վախեցնել իրենց:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր.

«Թուրքիայի բռնապետը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։

«Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար:

«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը:

Յաիր Նեթանյահուն, պատասխանելով հորը բռնապետ անվանած Էրդողանին, Twitter-ում գրել էր․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։