Պորոշենկոն խոստացել է նախագահական ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտի 31-ին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կանի հնարավորը Ղրիմի թերակղզին Ուկրաինային վերադարձնելու համար:

«Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային, մենք կանենք ամեն հնարավոր բան, որ դա իրականացվի հնարավորինս շուտ, նախագահական ընտրություններից անմիջապես հետո», - գրել է իր ֆեյսբուքյան էջում Պորոշենկոն:

Նշենք, որ Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան մարտի 31-ին։ Ըստ նախնական հարցումների՝ նախընտրական մրցապայքարն արդեն երկու ամիս է գլխավորում է ուկրաինացի հայտնի շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայում գործող «Սոցիս» կենտրոնի՝ օրերս անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27․7 տոկոսը։ Զելենսկիին հաջորդում է գործող նախագահ Պորոշենկոն, որն ունի հարցվածների 19.6 տոկոսի վստահությունը:Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 14.8 տոկոսը: