Բռնությունը բերելու է պատասխան բռնության. Նաիրա Զոհրաբյան

Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը

 

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները:

Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում:
Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը: 

Առանց երկխոսության` ոչինչ չի ստացվելու և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ: Ինչ վերաբերվում է ինձ: 

Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել: Պարզապես, ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է` կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը: 

Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ»: