Սիգարետի ցուցադրման արգելքը չի օգնում պայքարել ծխելու դեմ

Ցուցադրված է սիգարետը, թե ոչ, ծխողն արդեն գիտի արտադրանքի մասին, գնում է այն ու օգտագործում

Ծխելու դեմ պայքարի միջոցներն ու մեխանիզմները բազմազան են: Ծխելը վնասակար է առողջությանը, և ցանկացած երկրում ծխի դեմ պայքարի ծրագիրը պետք է լինի առողջապահական համակարգի  հենասյուներից մեկն ու առողջ սերունդ ունենալու ռազմավարության կարևորագույն բաղադրիչը: Միևնույն ժամանակ, տարբեր երկրների փորձից ելնելով՝ արդեն իսկ հայտնի են պայքարի մի շարք եղանակներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են ծխողների թիվը կրճատելու տեսանկյունից, այլև իրենց հետ բերում են այլ բացասական հետևանքներ: Նմանատիպ մի եղանակ է վաճառքի կետում ծխախոտի տուփը ցուցադրելու արգելքը, երբ սպառողը ֆիզիկապես չի տեսնում արտադրանքը, միայն մոտենում է վաճառակետին, նշում, թե ինչ ծխախոտ է ուզում գնել, իսկ վաճառողը դարակից հանում ու տրամադրում է արտադրանքը: Առանց մանրամասների էլ ակնհայտ է, որ վաճառքի կազմակերպման նման եղանակը տնտեսական լուրջ ռիսկեր ունի. իրական արտադրանքի կեղծում, սև շուկայի զարգացում, անառողջ մրցակցություն և այլն: Պարզվում է սակայն, որ վաճառակետում սիգարետը ցուցադրելու արգելքը նաև չի ծառայում իր հիմնական նպատակին. նվազեցնել ծխելու տարածվածությունը տվյալ երկրում:

Անդրադառնանք եվրոպական Europe Economics անկախ փորձագիտական կենտրոնի կողմից կատարված «Ծխախոտային ապրանքների ցուցադրման արգելքի տնտեսական վերլուծություն» (“Economic Analysis of the Ban on the Display of Tobacco Products”) ուսումնասիրությանը, որի շրջանակներում փորձագետները տնտեսական մոդելների ու մեթոդների կիրառմամբ անդրադարձել են վաճառքի կետում սիգարետի տուփի ցուցադրման արգելքի արդյունավետությանը: Ուսումնասիրելով Ավստրալիայում, Կանադայում ու եվրոպական մի շարք երկրներում (Իսլանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլյանդիա, Նորվեգիա և Խորվաթիա) ծխելու վիճակագրական ցուցանիշները՝ կենտրոնի փորձագետները ստեղծել են մաթեմատիկական մոդել, վերլուծել են առկա տվյալներն ու եկել են հիմնավոր եզրահանգման: Ուսումնասիրության հիմնական արդյունքները՝ հաջորդիվ:

Ոչ մի երկրում՝ ներառյալ Ավստրալիան, Կանադան ու եվրոպական մի շարք այլ երկրներ, չի գտնվել հիմնավոր ապացույց, որ ցուցադրման արգելքը ազդում է ծխելու տարածվածության կամ ծխախոտային արտադրատեսակների սպառման վրա:

 Ավստրալիայի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ցուցադրման արգելքը վիճակագրորեն փոխկապակցված է 14 տարեկանից բարձր բնակչության շրջանում ծխելու տարածվածության բարձրացման (և ոչ նվազման) հետ:

Կանադայի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ցուցադրման արգելքը վիճակագրորեն փոխկապակցված է 15-19 տարեկանների շրջանում ծխելու տարածվածության բարձրացման (և ոչ նվազման) հետ:

Ավստրալիայի վիճակագրությունը վերցված է Ավստրալիայի Ազգային առողջապահական ծառայությունից: Հարկ է նշել, որ ցուցադրման արգելքը կիրառվել է աստիճանաբար՝ 2011 թվականից քայլ առ քայլ ուժի մեջ մտնելով տարբեր մարզերում: Ստորև բերված գրաֆիկում ցուցադրված է 14 տարեկանից մեծ ծխողների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր բնակչության թվին 1991-2016 թվականներին:

Ակնհայտ է, որ 2010 թվականից ի վեր ծխողների թիվը զգալիորեն չի նվազել՝ ի հեճուկս ակնկալիքի: Ավելին, հաշվի առնելով, որ Ավստրալիայում բնակչության բացարձակ քանակն ավելացել է, կարելի է եզրակացնել, որ ծխողների քանակը նույնպես ավելացել է:  Ավելին, էկոնոմետրիկական վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ զգալի վիճակագրական փոխկապակցվածություն կա ցուցադրման արգելքի ու ծխողների քանակի աճի միջև: Միևնույն ժամանակ, ծխախոտային արտադրանքի գնի համատարած աճը, որը նույնպես կիրառվել է Ավստրալիայում, ցույց է տվել դրական տեղաշարժ՝ ծխելու դեմ պայքարի համատեքստում:

Կանադայում ծխելու տարածվածության վերաբերյալ վիճակագրությունը ներկայացված է ստորև: Գրաֆիկից երևում է, որ 2001 թվականին տղամարդկանց մոտ 30 և կանանց մոտ 25 տոկոսը ծխող են եղել:   2014 թվականին տոկոսային հարաբերակցությունը կազմել է մոտ 25 տոկոս տղամարդկանց դեպքում ու մոտ 20՝ կանանց:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ 2005 թվականից սկսած ցուցադրման արգելքի աստիճանական կիրառումը վիճակագրորեն փոխկապակցված չէ ծխելու տարածվածության հետ: Միևնույն ժամանակ, ցուցադրման արգելքի կիրառումից հետո 15-19 տարեկան երիտասարդների շրջանում աճել է ծխողների քանակը:

Ընդհանուր առմամբ, վերլուծելով Europe Economics անկախ փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունը՝ ակնհայտ է դառնում, որ ցուցադրման արգելքը որպես ծխելու դեմ պայքարի գործիք անարդյունավետ է: Անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք ոչ թե կարգելեն, այլ կօգնեն ծխողին հրաժարվել վնասակար այդ սովորությունից: Վերջին հաշվով, ցուցադրված է սիգարետը, թե ոչ, ծխողն արդեն գիտի արտադրանքի մասին, գնում է այն ու օգտագործում: Հետևաբար, լուծումը ոչ թե արգելքն է, այլ ծխողի հետ գրագետ ու համալիր աշխատանքը, ինչն էլ պետք է լինի ծխելու դեմ պայքարի հիմնական բաղկացուցիչ: