Իսրայելը միայնակ դուրս չի գա Իրանի դեմ, շատ բան կախված կլինի Թրամփի դիրքորոշումից․ փորձագետ

Մանրամասներ
իրան իսրայել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը հնարավոր դարձավ Թրամփի վարչակազմի կոշտ դիրքորոշման շնորհիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արաբագետ Հայկ Քոչարյանը։

Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը, որն առաջարկվել է մեկ տարի առաջ, չի փոխվել, ստորագրվել է հենց անցյալ տարվա տարբերակը։ «Գլխավորը Թրամփի ներկայացուցիչների կոշտ դիրքորոշումն էր։ Վերջինիս պետք էր հասնել այս փաստաթղթի ընդունմանը մինչև իր երդմնակալության օրը»,- հավելել է փորձագետը:

Նրա խոսքով՝ պատանդների փոխանակումը երկար գործընթաց է, և այս ընթացքում Իսրայելի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի համաձայնագիրը խախտվի, բայց այնպես, որ հնարավոր լինի մեղադրել ՀԱՄԱՍ-ին։

«Ռազմական գործողությունների շարունակությունը Իսրայելի վարչապետի քաղաքական և ֆիզիկական անվտանգության երաշխիքն է։ Համաձայնագիրը կարող է երկրում ընտրությունների պատճառ դառնալ, ինչի արդյունքում Նեթանյահուն կարող է ի վիճակի չլինել պահպանել իր կոալիցիան, ինչն իր հերթին կարող է հարուցել նրա դեմ դատական հայցի: Սրանից խուսափելու համար Նեթանյահուն կարող է ավանտյուրայի գնալ և հասնել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների շարունակմանը»,- հավելել է Քոչարյանը։

Նա չի բացառել, որ հարձակումը կարող է ուղղված լինել այլ ուղղություններով՝ ներառյալ Իրանը, Եմենի հութիները և Սիրիան։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց փորձագետը, շատ բան կախված է Թրամփի երդմնակալության ելույթից և այն բանից, թե ինչ շեշտադրում կդրվի Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության խնդրի վրա։ Հասկանալի է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը և Իսրայելի վարչապետը լարված հարաբերությունների մեջ են։

«Նեթանյահուն կարող է գնալ արկածախնդրության, բայց ոչ ինքնասպանության։ Եթե Իսրայելը աջակցության երաշխիքներ չստանա ԱՄՆ-ից ու կոալիցիոն այլ ուժերից, ապա հակասության չի գնա Իրանի հետ։ Շատ կարևոր է հասկանալ, թե Իրանի հարցում ԱՄՆ գործողությունների որ շրջանակն է ընդունելի Իսրայելի համար, քանի որ Իսրայելը միայնակ չի կարող պատերազմել Իրանի դեմ»,- ընդգծել է Քոչարյանը։