Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, տեղի է ունենում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ընդունելության արարողությունը:

Նշենք, որ նա երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Առավոտյան Վրաստանի նախագահն արցեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետեւ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: