Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետեւ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: