Ճապոնիայի վարչապետը խոստացել է օրենք ընդունել երեխաների ֆիզիկական պատիժներն արգելելու մասին

Փետրվարին վարչապետը հրահանգել էր մեկ ամսվա ընթացքում ի հայտ բերել երեխաների հետ դաժանորեն վարվելու բոլոր դեպքերը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ամենակարճ ժամկետում հասնել երեխաների ֆիզիկական պատիժներն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունմանը: Այդ մասին  հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն՝ հանդես գալով կաբինետի առաջատար անդամների եւ կառավարող կուսակցությունների ղեկավարության խորհրդակցությունում: «Հարկավոր է որքան կարելի է ավելի շուտ հաստատել այդ օրինագիծը եւ կյանքի կոչել այն»,-վարչապետի խոսքը մեջբերում է Kyodo լրատվական գործակալությունը:

Փետրվարին վարչապետը հրահանգել էր մեկ ամսվա ընթացքում ի հայտ բերել երեխաների հետ դաժանորեն վարվելու բոլոր դեպքերը, որոնք հայտնի են ոստիկանությանը եւ խնամակալության մարմիններին: Նախարարների մասնակցությամբ խորհրդակցությանը նա պահանջել է ամենաարդյունավետ միջոցները ձեռնարկել այդ խնդիրն արմատախիլ անելու համար: Վարչապետի որոշման համար անմիջական պատճառ էր դարձել Տոկիոյից ոչ հեռու գտնվող Տիբա քաղաքից 10-ամյա աղջկա պատմությունը, որը ցնցել էր Ճապոնիան:

Հունվարին նա մահացել էր այն պատճառով, որ ընտանիքում նրան սիստեմատիկ կերպով ծեծում էին, զրկում ուտելիքից եւ պահում ցրտի մեջ: Աղջիկը դպրոցում գանգատվել է, որ հայրն իր նկատմամբ բռնություն է գործադրում, եւ դրանից հետո նրան տեղափոխել են մանկատուն: Սակայն հայրը դստերը մեղադրելէ ստախոսության մեջ եւ հասել այն բանին, որ նրան իրեն են հանձնել, ինչից հետո նրա նկատմամբ շարունակել է ծաղրուծանակը, ինչը հասցրել է երեխայի մահվան: Ներկայում աղջկա հայրը ձերբակալված է:

Ճապոնիայի ոստիկանությունը 2018 թվականին սոցիալական ծառայություններին տեղեկացրել է անչափահասների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության 80 հազար դեպքի մասին: Դա ռեկորդային ցուցանիշ է նման վիճակագրություն վարելու ողջ պատմության ընթացքում: Այն 22,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: