Գյումրին կունենա «սմարթ» կանգառներ

Նախատեսվում է Գյումրիում 4 ծրագիր իրականացնել, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ է

Գյումրու ավագանին մարտի 12-ի նիստի ժամանակ հաստատեց Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի եւ «Տրիպլ-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կնքված համագործակցության պայմանագիրը:

Ըստ պայմանագրի Գյումրի քաղաքի վարչական տարածքում 70 կանգառ է տեղադրվելու: Այսպես կոչված «սմարթ» կանգառները ոչ միայն հարմարավետ կլինեն տրանսպորտին սպասողների համար, այլ նաև կներառեն անհրաժեշտ ինֆորմացիան, բայց մինչ բոլոր կանգառների տեղադրումը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով` կանգառներից մեկը սկզբում կտեղադրվի քաղաքի կենտրոնական հատվածում, այնուհետ կկազմակերպվի հանրային քննարկում՝ կանգառների հարմարավետության մասով:

Գյումրու ավագանու մեկ այլ որոշմամբ համայնքի «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ին, որպես նվիրատվություն, հատկացվեց 11 մլն 500 հազար դրամ՝ գույքի ձեռքբերման, ընթացիկ նորոգման եւ անհրաժեշտ այլ ծախսերի համար, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացվեց 600 հազար դրամ՝ օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար, իսկ «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական եւ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացվեց 200 հազար դրամ` գույքի ձեռքբերման համար:Համայնքի թվով 23 կազմակերպություններին, որպես նվիրատվություն, հատկացվեց 20 մլն 850 հազար դրամ՝ շենքերի ընթացիկ նորոգման, գույքի, տնտեսական ապրանքների ձեռքբերման եւ անհրաժեշտ այլ ծախսերի համար:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունից ակնկալվող սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու 4 հարց: Նախատեսվում է Գյումրիում 4 ծրագիր իրականացնել, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ է: Այս ծախսից 564 միլիոն 355 հազար 100 դրամը ներդնելու է համայնքը, մյուս գումարն ակնկալվելու է ՀՀ կառավարությունից:

 

Արմենուհի Մխոյան