Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությունները բխում են բանկերի և հարուստների շահերից

Տնտեսական շատ սուբյեկտներ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը

Հարկային օրենսգրքում իշխանությունների առաջարկած փոփոխություններից հարուստներն ավելի լավ կապրեն, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Գրասենյակի տնտեսական հետազոտությունների բաժնի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այս տրամաբանությամբ Հայաստանի նոր կառավարությունը նախատեսում է հավասարեցնել եկամտահարկը եւ դրանով իսկ 22 մլրդ դրամով նվազեցնել ունեւոր քաղաքացիների վճարելիք հարկերը։

«Այդ միջոցները նախատեսվում է փոխհատուցել եւ լրացնել ի հաշիվ փոքր ու միջին բիզնեսի եւ մեր ողջ հասարակության»,- պարզաբանել է փորձագետը՝ հավելելով, որ հենց սրանում է թաքնված անարդարությունը։

Պարսյանը նաեւ նշել է, որ համաձայն Հարկային օրենսգրքի բարեփոխման նախագծի՝ գրավատների համար նախատեսված պետական տուրքը կբարձրանա՝ 100 հազար դրամից հասնելով 6 միլիոն դրամի, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամից մինչեւ 30 միլիոն դրամի։ Այսինքն՝ պետական տուրքը կբարձրանա 60 անգամ, եւ սա ոչնչով հիմնավորված չէ»,- ընդգծել է տնտեսագետը։

Ընդ որում՝ նա ավելացրել է, որ նման բարեփոխումների հետեւանքով տեղի կունենա այս ոլորտի մոնոպոլացում, ինչը բխում է միջին եւ խոշոր բանկերի շահերից, որոնք Հայաստանում 17-ն են։ Արդյունքում՝ տնտեսական շատ սուբյեկտներ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը։