Ամերիկացիների միայն 38 տոկոսն է պատրաստ 2020-ին քվեարկել Թրամփի օգտին

Իսկ 57 տոկոսի կարծիքով նրան պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ

ԱՄՆ-ում Մոնմութի համալսարանը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ովքեր են պատրաստ քվեարկել գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, հաղորդում է Insider NJ-ն։

Ստացված արդյունքների համաձայն՝ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 38 տոկոսը, իսկ 57 տոկոսի կարծիքով նրան պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ։ Հարցման են ենթարկվել նաև 300 շրջանների բնակիչները, որոնք երեք տարի առաջ ապահովել են Թրամփի հաղթանակը։ Նրանց 33 տոկոսը կրկին պատրաստ է քվերակել հօգուտ գործող նախագահի։

«Թրամփը կողմնակիցներ ունի, սակայն հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա հույս դնել տատանվող ընտրողների վրա, որոնք վերջին հաշվով 2016-ի ընտրություններում ապահովել են նրա հաղթանակը»,-ասել է հետազոտական ծառայության ղեկավար Փաթրիք Մյուրեյը։