Փաշինյանի իշխանությունն անվտանգ է, քանի դեռ ժողովուրդը չի տեսնում մի ուժ, որը չի ընկալվի որպես ռևանշիստական․ Զուրաբյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Նիկոլ Փաշինյանը փորձում է շահարկել այն հանգամանքը, որ ինքը կարծես սեփականաշնորհել է խաղաղության թեման, չնայած՝ ես իմ խոսքով ապացուցեցի, որ դա ճանապարհ չէ դեպի խաղաղություն, դա ճանապարհ է դեպի սողացող պատերազմ, իսկ հետո կարող է նաև՝ դեպի տաք պատերազմ՝ աղետալի հետևանքներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Փաշինյանին առայժմ հաջողվել է սեփականաշնորհել խաղաղության թեման, այսինքն՝ ինքն իրեն պատկերում է որպես խաղաղասեր մի ղեկավար, որը վերջապես հասկացել է, որ պետք  է հրաժարվել պատմական Հայաստանից, խոսել իրական Հայաստանի մասին, հրաժարվել իր նախկին հիմարություններից, որ պնդում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հրաժարվում էր բանակցություններից, մերժում էր իր սեղանին դրված ծրագիրը՝ առաջարկված Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից, հետո էլ խաբում էր ժողովրդին, ասում էր ծրագիր չկա։ Հիմա Փաշինյանը մի կողմ է դրել այս ամեն ինչը, այն, որ այս բոլոր կործանարար աղետներն իր վարած քաղաքականության հետևանք են, հիմա ասում է՝ ես արդեն հասկացել եմ, ինձնից չորս ու կես տարի պահանջվեց, հիմա ես դարձել եմ խաղաղասեր վարչապետ, որն ուզում է տանել խաղաղության, իսկ մնացած բոլորը ռևանշիստ են»,–հավելեց Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ կուսակցության փոխնախագահի խոսքով, Նիկոլ Փաշինյանը թեև կեղծում է իրավիճակը՝ սեփականաշնորհելով խաղաղության քաղաքականությունը, ընդդիմադիր ուժեր կան, որոնք նրան տալիս են այդ հնարավորությունը։

«Ես կարծում եմ, որ Փաշինյանի դեմ ուղղված այս հասարակական շարժումները տապալվեցին հենց այս պատճառով։  Բագրատ Սրբազանի շարժումն ինչ–որ պահի հավաքեց 50 հազար մարդ, դա մեծ թիվ է։ Առաջին  անգամ ավելի շատ մարդ  էր դուրս եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, քան 2018 թվականին նրա կողմ։ Նիկոլը Փաշինյանը հիմա փորձի, ոչ թե 50 հազար, 10 հազար մարդ էլ չի կարողանա հավաքել։ Բայց ինչու՞ այդ 50 հազար մարդը ոչինչ չկարողացան անել. իհարկե այստեղ մեծ դեր խաղաց Բագրատ Սրբազանի քաղաքական անփորձությունը։ Բայց այստեղ մեկ այլ հանագամանք էլ կա. քանի դեռ ժողովուրդը չի տեսնում մի ուժ, որն իր կողմից չի ընկալվի որպես ռևանշիստական, որպես մի ուժ, որն իշխանության գալով միանգամից հրահրելու է պատերազմ Ադրբեջանի դեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անվտանգ է»,–ասաց Լևոն Զուրաբյանը։