Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ Արսեն Թորոսյան

Մանրամասներ
աժ

Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Հակոբ Ասլանյանի արած այն հայտարարությանը, որ ինքը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով։

Ասլանյանը դիմել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։

«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել էր պատգամավորը։

Արսենը Թորոսյանը, հարցազրույցում գնահատելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը, այն համարել է քաղաքական դավաճանություն և դասալքություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։