Վենեսուելայի խորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել երկրում

Մարտի 7-ի երեկոյան Կարակասը եւ Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել էին առանց էներգամատակարարման

Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով մարտի 11-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հանրապետությունում՝ նրա տարածքի մեծ մասում էեկտրաէներգիայի անջատումների պատճառով: Այդ մասին հայտնել է«Ֆրանսպրես» գործակալությունը:

«Երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմէ հայտարարվում այն աղետալի իրադրության պատճառով, որն ստեղծվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հետեւանքով»,- գործակալությունը մեջբերում է արել խորհրդարանի որոշման տեքստից:

Ավելի վաղ Գուայդոն դիմել էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկով, որպեսզի միջազգային օգնություն ապահովվի երկրի էներգահամակարգի վերականգնման համար: Իրեն երկրի ժամանակավոր նախագահ հայտարարած Գուայդոյի կողմից առաջարկված հրամանագիրը նաեւ պարտավորեցնում է «Վենեսուելայի զինված ուժերին՝ համախմբել բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են (պետական էներգետիկական ընկերության) օբյեկտներն ու աշխատակիցներին պատշաճ կերպով պաշտպանելու համար»:

Մարտի 7-ի երեկոյան Կարակասը եւ Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել էին առանց էներգամատակարարման: Մարտի 8-ի երեկոյան էներգամատակարարման հետ կապված իրավիճակն սկսել էր բարելավվել, սակայն մարտի 9-ի առավոտյան վերստին բարդացել էր այն էլեկտրակայանում պայթյունի մասին հաղորդումներից հետո, որը գտնվում է Բոլիվար հարավարեւելյան նահանգի մայրաքաղաք Սյուդադ Բոլիվարի ծայրամասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: