Այս պահում ես Հալեպում եմ գտնվում, Հալեպում հանդարտ է, խաղաղ է, զինյալներ չկան, ոչ էլ հրաձգության ձայներ են լսվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
«Ընդհանուր առմամբ սպասողական վիճակ է, սպասում ենք, թե ինչպես փոխանցման կառավարությունը պիտի կազմվի, որպեսզի քաղաքում կարգուկանոն հաստատվի և մարդկանց մտահոգությունները փարատվեն: Գիտեք, հիմա կառավարություն դեռ չի կազմված, մարդիկ զգույշ են, որ անապահովություն չստեղծվի երկրի մեջ: Բնականոն կյանքը դեռ չէ վերադարձել, մարդիկ աշխատանքի չեն գնում, սակայն սննդի, մթերքի հետ կապված տագնապ չկա: Հաց, ջուր և այլն, ամեն բան կարգի մեջ է, սպասողական վիճակ է»,-ասաց նա:
Պողիկյանը նշեց, որ նոր կառավարիչները անընդհատ հանդիպում են ժողովրդին հետ, եկեղեցու, համայնքապետների հետ եւ ասում՝ մի վախեցեք, մենք ժողովրդին հետ ոչ մեկ կապ չունենք, փոքրամասնությունները կարող են իրենց ազգային ներկրոնական գործունեությունը ազատորեն ծավալել, մենք պիտի ազգային փոքրամասնությունների իրավունքները, Սիրիայի սոցիալական խճանկարը պահպանել: Այնպես որ առայժմ վախի այդ մթնոլորտը չկա»,- ընդգծեց նա:
Թերթի խմբագիրը նկատեց, որ օդանավակայանը նոր ուժերի վերահսկողության տակ է եւ չգիտեն՝ կաշխատի, թե ոչ: «Դեսպանատները փակված են Դամասկոսում, ՀՀ դեսպանատունը Բեյրութից է գործում»:
Ինչ վերաբերում է Դամասկոսին, նա ընդգծեց, որ երեկ Դամասկոսում իրավիճակը շատ լարված էր. «Մի շարք պետական հաստատություններ այրեցին, մարդիկ այս առիթից օգտվելով գողություններ են արել: Բայց այսօր վիճակը հանդարտ է մայրաքաղաքում: Մարդիկ սպասում են, տեսնեն, թե քաղաքական իրադարձությունները ինչպես պիտի զարգանան, կառավարությունը ինչպես պիտի կազմվի, որ կարգ ու կանոն հաստատվի, գիտեք, մարդիկ իրենց գործին վերադառնան: Ներկայիս հիմնական դժվարությունը տնտեսական տագնապն է, որովհետև տակավին բնականոն գործեր չեն աշխատում:
Բերիո թեմի առաջնորդը զգուշության կոչ ուղղել, որպեսզի մարդիկ հանդարտ մնան, ապահով մնան, շատ ուշ ժամերին դուրս չգան»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հայերը կշարունակեն ապրել այդ նոր իշխանության ներքո եւ չեն հեռանա Սիրիայից, նա արձագանքեց. «Այո, ես կարծում եմ, որ կշարունակեն ապրել, որովհետև հայ համայնքը այդ տարիների ընթացքում տարբեր իշխանությունների հետ փորձել է գործակցել: Հիմնականը հայության համար Սիրիայի պետության կայունությունն է, պետության պահպանումն է»:
0Comments