Գերմանացի երեք լրագրող լքել է Թուրքիան

Թուրքիայի իշխանությունները խոշոր հաշվով հաջողացրել են լռեցնել տեղական մամուլը, այժմ նույնը փորձում են անել միջազգային մամուլի հետ

Գերմանացի 3 լրագրող լքել է Թուրքիան՝ հայտարարելով, որ այդ երկրի իշխանությունները փորձում են լռեցնել միջազգային մամուլը: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Լրագրողներ Թոմաս Զեյբերդը, Հալիլ Գյուլբեյազն ու Յորգ Բրասեն լրագրողական քարտերի երկարաձգման մերժման պատճառով Գերմանիա են վերադարձել նախօրեին:

«Թուրքիայի իշխանությունները խոշոր հաշվով հաջողացրել են լռեցնել տեղական մամուլը, այժմ նույնը փորձում են անել միջազգային մամուլի հետ: Մենք շարունակելու ենք լուրեր հրապարակել Թուրքիայի մասին, սակայն, ցավոք, այլևս դա ստիպված ենք անել Թուրքիայից դուրս», - ասել է Բրասեն:

Նշենք, որ  «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:

Հայտնի է, որ Թուրքիայում աշխատանքային լիազորագիր ստանալու համար օտարերկրյա լրագրողները երբեմն լուրջ խնդիրների են հանդիպում, լիազորագրի երկարաձգումը հաճախ մերժվում է չհիմնավորված պատճառներով: