«Շեռլոք Հոլմս 3»-ի պրեմիերան հետաձգել են 1 տարով

Պրեմիերայի հետաձգման պատճառը չի նշվում

Ռեժիսոր Գայ Ռիչիի «Շեռլոք Հոլմս 3» կինոնկարի պրեմիերան հետաձգել են մինչեւ 2021 թվականի վերջը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հրատարակությունը՝ հղում անելով Warner Bros-ի հայտարարությանը:

Սկզբնապես բրիտանացի խուզարկուի մասին ֆիլմի թրիկվելի թողարկումը պլանավորված էր 2020 թվականի դեկտեմբերի 25-ին: Պրեմիերայի հետաձգման պատճառը չի նշվում: Warner Bros.-ի եւ Village Roadshow Pictures-ի համատեղ նախագծում գլխավոր դերերում հանդես կգան Ռոբերտ Դաունի-կրտսերը (Շեռլոք Հոլմս) եւ Ջուդ Լուն (դոկտոր Վաթսոն):

Այսպիսով՝ Քրիս Բրանկատոյի սցենարով կինոնկարը կինոթատրոններում կհայտնվի այն բանից 10 տարի անց, երբ 2011 թվականի դեկտեմբերին թողարկվեց «Շեռլոք Հոլմս. ստվերների խաղը» առաջին սիքվելը, որը համաշխարհային վարձույթում վաստակել է 545,4 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ Գայ Ռիչիի՝ Շեռլոք Հոլմսի մասին պատմող առաջին ֆիլմը, որը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին, վաստակել է 524 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: