ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ։
2025 թվականին շարունակվելու է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային ձևաչափով: Գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ին։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2021-2023 թթ. ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում: Նրանցից 2738-ը, ըստ ցուցաբերած արդյունքի, ստանում է 30-50% հավելավճար, 1,165 ուսուցիչ ունի դրույքաչափի բարձրացում՝ 200000 ՀՀ դրամի չափով:
«Այս միջոցով նաև բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ատեստավորվեցին և իրենց աշխատանքը շարունակելու հնարավորություն ունեցան: Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իր աշխատանքն է շարունակում, այլև բարձրացված վարձատրություն է ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
0Comments