Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքակի երկրպագուների «Կարմիր արծիվներ» ֆան շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
«2023թ. դեկտեմբերի 23-ի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ մեր ֆան ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմյան նախագահ Արմեն Մելիքբեկյանին չսատարելու պատճառների մասին։ Հայտարարությամբ ընդգծված խնդիրների վերաբերյալ հետագայում ոչ միայն չունեցանք մեկնաբանություն (երևի թե ասելիք չկար), այլև այդ խնդիրները այսօր ստացել են բառի ամենավատ իմաստով նոր որակ ու նշանակություն:
ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդած ելույթի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խոսեց ապագայի համար ցանված սերմերից. հիմա հարց՝ այդ սերմերի պտուղը խայտառակությո՞ւնն է։ Նա խոսեց չստացվածի համար ներդրվող ջանքերից. հաջորդ հարցը՝ չստացվածը ֆուտբոլի կործանումն է Հայաստանո՞ւմ, եթե այո, ուրեմն դա հաջողվում է անել։
Այդ անիմաստ ելույթները ընդամենը խոստումներ են, որոնցով կկերակրեք հանրությանը կարճ ժամանակ, իսկ երկրպագուներիս՝ երբեք, որովհետև չենք հավատում։ Իսկ պետրակովյան հեռացումները քավության նոխազ չեն կարող լինել, քանի որ խնդիրը միայն նա չէր, խնդիրները համակարգային են։
«Կարմիր արծիվներ» ֆան շարժումը միանում է հանրության կարծիքին, միանում է ֆուտբոլի ամենակարևոր շահառուների՝ երկրպագուների միասնական կարծիքին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը հանուն մեր սիրելի երկրում մեր սիրելի խաղի զարգացմանն ու առաջընթացին»,- նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջել էին նաեւ ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին Հայկական Ճակատ» (FAF) շարժումը, «Ալֆա» («Արարատ-Արմենիա»), «Սեկտոր-18» («Փյունիկ»), «South-West Ultras» («Ուրարտու»), «Սև Հովազներ» («Շիրակ») ֆան-ակումբները։
0Comments