Թուրքիան մերժում է արտասահմանցի լրագրողների հավատարմագրումը

Թուրքիայի իշխանությունների որոշումը լրագրողների համար լուրջ հետեւանքներով է հղի

Անկարայում չեն երկարացրել արտասահմանյան լրատվամիջոցների մոտ 80 ներկայացուցիչների հավատարմագրումը, այդ թվում՝ 3 գերմանացի լրագրողների: Գերմանիայի ԱԳՆ կարծիքով՝ սա խոսքի ազատության սահմանափակում է: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիքը»: 

Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Ադեբարը ժլատություն չի արել Անկարային ուղղված քննադատության հարցում: «Մեր կարծիքով՝ մամուլի ազատությունը բարձրագույն արժեք է, եւ գերմանացի, հավասարապես մյուս եվրոպացի լրագրողները պետք է ունենան Թուրքիայում աշխատելու հնարավորություն: Մենք հույս ունենք, որ ամենամոտ ապագայում նրանց կհանձնվեն հավատարմագրման վկայագրերը»,- շեշտել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե դա արդյոք իրականում տեղի կունենա՞: Թուրքական կողմի պաշտոնական դիրքորոշումը փաստացի տարընթերցումների տեղ չի թողնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մերժել է երկարացնել գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը 2019 թվականի համար:

Այս պահին համապատասխան իրազեկումներ են ստացել 3 գերմանացի լրագրող՝ Թուրքիայում բեռլինյան Der Tagesspiegel-ի թղթակից Թոմաս Զայբերտը, ZDF հեռուստաալիքի Ստամբուլի բյուրոյի տնօրեն Յորգ Բրազեն եւ NDR հեռուստառադիոընկերության լրագրող Խալիլ Գյուլբեյազը:

Թուրքիայի իշխանությունների որոշումը լրագրողների համար լուրջ հետեւանքներով է հղի: Հավատարմագրման գործող վկայագիրը, որպես կանոն, ոչ միայն աշխատանքի թույլտվություն է, այլեւ յուրատեսակ կեցության ձեւ, որը երաշխավորում է երկրի տարածքում գտնվելը:

Արժի նշել, որ գերմանացի լրագրողներից բացի, չի երկարացվել նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների մոտ 80 ներկայացուցիչների հավատարմագրումը. դրանց գործողության ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին: