Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հայտարարել է երկրի հյուսիսային շրջաններում գործողությունների իրականացմանը պահեստային երկու բրիգադների զինծառայողներին ներգրավելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Հրամանատարությունը գտնում է, որ հյուսիսային ուղղությամբ երկու բրիգադների տեղակայումը հնարավորություն կտա շարունակել պայքարը «Հեզբոլլահ» խմբավորման դեմ և ապահովել բնակիչների վերադարձը իրենց բնակարաններ:
Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Օրի Գորդինն իր հերթին հայտարարել է Լիբանանում ցամաքային գործողությանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում գտնվող 280 զինապահեստներին և հրթիռների արձակման կետերին:
Ավելի վաղ Իսրայելի ռազմական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ամոս Յադլինը The Jerusalem Post-ին հայտնել էր, որի Լիբանանում ցամաքային հարձակմանը պետք է նախորդի երկշաբաթյա օդային գործողություն: Այնուհանդերձ, լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ Լիբանանում ցամաքային գործողության հիմնական հատվածն անհրաժեշտ է ավարտել մինչև նոյեմբերի սկիզբը, որպեսզի զորքերը ստիպված չլինեն ձմռանը գործել լեռներում:
Իսրայելական զինվորականներն այս շաբաթ սկսել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին հարվածելու լայնածավալ գործողություն: «Հեզբոլլահ»-ի զինյալներն էլ իրենց հերթին շարունակում են հրթիռակոծել Իսրայելի տարածքը։
0Comments