Իրանը կոշտ կարձագանքի սահմանների փոփոխությանը․ Իրանահայ պատգամավոր

Մանրամասներ
Գեղարդ Մանսուրյան

Ռուսաստանը և բոլոր երկրները պետք է իմանան, որ ազգային անվտանգության ու շահերի շուրջ, որոնք Իրանի կարմիր գծերն են, հնարավոր չէ բանակցել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանված ճանապարհի շուրջ տարաձայնություններին, պատգամավորն ասել է․ «Ռուսաստանը մտածում է միայն սեփական   շահերի մասին։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ այդ երկիրն ունի կարմիր գծեր, որոնք բոլորը պետք է հարգեն։ 

Իրանը նույնպես ունի  կարմիր գծեր, որոնք ներառում են մեր երկրի անվտանգությունն ու ազգային շահերը, և մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր վնասի դրանք»։

Անդրադառնալով Իրան-Հյաաստան սահմանի կարևորությանն իրանահայ պատգամավորն ասել է․ «Իրանի և Հայաստանի սահմանը ամենահին միջազգային սահմաններից է, և եթե այդ սահմանին փոփոխություններ լինեն, Իրանը կոշտ կարձագանքի, և դա բոլորը գիտեն»։

Նա նշել է․ «Մի իրավիճակում, երբ տարածաշրջանում Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության մակարդակը զգալիորեն աճել է, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները կարծես մտադիր են օգտվել այս իրավիճակից և փոխել  տարածաշրջանի միջազգային սահմանները։ Ուստի հարավկովկասյան հավասարումներում ակտիվ խաղացողներին հարկ է հիշեցնել, որ  Իրանը կարող է կենտրոնանալ մի քանի տարբեր ճակատների վրա և անհրաժեշտության դեպքում համապատասխան  միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։