Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ

Մանրամասներ
Իրան

Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունում, որը հրապարակվել է թելեգրամյան ալիքում:

«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։

Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու մամուլն անդրադառնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ՌԴ-ի աջակցությունը՝ ընդգծելով ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիությունն ու այս հարցում Իրանի կարմիր գծերը:

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալու պատճառով Իրանի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունները:

«ԶԼՄ-ներում շրջանառվող զրպարտչական մեղադրանքներն իբրև թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, ՀՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալիքների վերաբերյալ, իրականության հետ կապ չունեն»,- ասել է Զախարովան: