Արդյո՞ք Իրանը կհարվածի Իսրայելին․ Աշխարհը սպասում է մերձավորարևելյան հետագա զարգացումներին

Մանրամասներ
Իրան

«Ամերիկայի ձայն»

Բայդենը երկուշաբթի հանդիպել է ազգային անվտանգության գծով իր թիմին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նա խոսել է նաև Հորդանանի թագավորի հետ: Զուգահեռաբար՝ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, թե Իրանն ու նրան ենթակա ուժերը «ծանր գին» կվճարեն հրեական պետությունը գրոհելու դեպքում

Իսրայելի հասցեին Թեհրանից հնչող սպառնալքիների ֆոնին՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակում է աճել: Զուգահեռաբար՝ անհանգիստ է իսրայելա-լիբանանյան սահմանին, իսկ Գազայում ռազմական գործողությունները չեն դադարում:

Այս ամենի ներքո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը՝ անցած շաբաթ «Հեզբոլլահի» ու «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությունից հետո:

Անցած շաբաթվա վերջին Սպիտակ տունը վերստին հայտարարեց, թե հավատարիմ է Գազայում պահվող պատանդների ազատ արձակման ու հրադադարի հաստատման գործին։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ընդգծեց, թե պատրաստ է արձագանքել զարգացումներին և ընդլայնել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին փոխանցել է Fox News-ին․ «Դեռ հավատում ենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը լավագույն միջոցն է այս պատերազմն ավարտին հասցնելու համար: Այնուհետև՝ այն, ինչ անում ենք [անցած տարվա] հոկտեմբերի 7-ից, հետևյալն է, որ Իսրայելն ունենա ամենը՝ իրեն պաշտպանելու համար։ Նաև [ջանքեր ենք գործադրում], որ այս պատերազմը չընդլայնվի»: