Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։
«Իսրայելը պետք է վճռական եւ դաժան պատասխան ստանա, որպեսզի գիտակցի, որ [դաժան] պահվածքը անվտանգության ոլորտում ծանր հետեւանքներ կունենա»,- Իրանի ԱԳՆ-ն մեջբերել է Բաղերի Քանիի խոսքերը Հորդանանի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Թեհրանում ունեցած բանակցությունների ժամանակ։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Իրանը հրաժարվել է մեղմել իր արձագանքը Հանեի սպանությանը եւ մտադիր է պատասխանել հրեական պետությանը։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը եւ արաբական երկրները փորձել են համոզել իսլամական հանրապետությանը մեղմել դիրքորոշումը։ Սակայն Իրանի ղեկավարները «երդվել են վրեժ լուծել», անգամ եթե իրենց գործողությունները հանգեցնեն պատերազմի։
0Comments