Երկրի վրա սկսվել է մագնիսական թույլ փոթորիկ, որը, ամենայն հավանականությամբ, կհասնի ուժեղ մակարդակի, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսի Telegram-ի ալիքին։
Ներկայումս Երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ։ Դրա սկիզբը գրանցվել է հուլիսի 30-ին Երևանի ժամանակով 08:09-ին։ Միաժամանակ, ըստ կանխատեսումների, հուլիսի 30-ին փոթորիկը կարող է հասնել ուժեղ՝ G3 մակարդակի։ Չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին և հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, մագնիսական փոթորիկները կարող են զարգանալ մինչև G2 միջին մակարդակ։
Ավելի վաղ Space.com-ը տեղեկացրել էր, որ Արեգակի վրա M դասի բռնկումներ են տեղի ունեցել, որոնք իրենց գագաթնակետին են հասել հուլիսի 28-ին՝ վերածվելով X դասի բռնկումների և առաջացնելով Արեգակի կորոնային զանգվածի արտանետումներ։
Արեգակնային բռնկումները արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներ են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Այս բռնկումները տեղի են ունենում, երբ արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան հանկարծակի ազատվում է: Արտանետված կորոնային զանգվածը երբեմն հասնում է նաև Երկիր մոլորակ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկ։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Արեգակի վրա X դասի (X1.9) ուժեղ բռնկում էր գրանցվել: Այդ բռնկումն իր հզորությամբ գերազանցել էր արևի վրա տեղի ունեցած բոլոր բռնկումները հունիսից ի վեր։
0Comments