Ջոնի Դեփը պատմել է, որ Ամբեր Հարդն ամուսնացած ժամանակ իրեն դավաճանել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ

Դավաճանության մեղադրանքը հերքել է նաև Հարդի փաստաբանը

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջը՝ դերասանուհի Ամբեր Հարդին, մեղադրել է իր հետ ամուսնացած լինելու ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկի հետ սիրավեպ սկսելու համար: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Դեփը մանրամասնել է, որ Հարդի ու Մասկի սիրավեպը սկսվել է 2015թ. տեղի ունեցած իրենց ամուսնությունից ընդամենը մեկ ամիս անց: Այս մասին ասվում է դերասանի՝ նախկին կնոջ դեմ ներկայացրած 50 մլն դոլարանոց հայցում:

Դեփի պնդմամբ, երբ ինքը նկարահանումների է եղել և ուշ երեկոյան բացակայել է տնից, Մասկը պարբերաբար այցի է եկել կնոջը:


Մինչդեռ միլիարդատիրոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իլոն Մասկն ու Ամբերը սկսել են հանդիպել 2016թ. մայիսից հետո, երբ դերասանուհին արդեն ամուսնալուծության հայց էր ներկայացրել:

Դավաճանության մեղադրանքը հերքել է նաև Հարդի փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն իրեն վարկաբեկելու համար 50 մլն դոլարի հայց էր ներկայացրել նախկին կնոջ դեմ, որն ավելի վաղ աստղին մեղադրել էր ընտանեկան բռնության համար:

Դեփի հայցում նշվում է, որ Հարդի՝ 2016թ. իր դեմ ներկայացրած ընտանեկան բռնության մեղադրանքները «սուտ» են ու «ցուցադրական»:

«Պարոն Դեփը երբևէ ընտանեկան բռնություն չի կիրառել տիկին Հարդի նկատմամբ: Նրա՝ 2016թ. հնչեցրած մեղադրանքները կեղծ են: Դա արվել է տիկին Հարդի համար հանրության աչքում դրական կերպար ստեղծելու ու նրա կարիերայի առաջընթացին նպաստելու համար: Նա ոչ թե ընտանեկան բռնության զոհ է, այլ հանցագործ»,-նշվում է Դեփի հայցում:

Հարդն ամուսնու դեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ նա իրեն հարվածել է, ինչպես նաև հեռախոսը նետել դեմքին: Մինչդեռ Դեփը հերքել էր բոլոր մեղադրանքներն ու ասել, որ կինն է իրեն բռնության ենթարկել: