«Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել»

Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՍ ՆԵՐՈՂՈւԹՅՈւՆ ԵՄ ԽՆԴՐՈւՄ ԱՐՑԱԽԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ

Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել: Այս հատվածը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր:

Այսօր էլ , սակայն, ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին: Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել: Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն:

Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից»: