Ուկրաինան առաջին անգամ ռուսաստանյան ժամանակակից Սու-57 կործանիչ է խոցել

Մանրամասներ
սու 57

Ուկրաինացի պաշտպանները ռուսաստանյան Սու-57 ինքնաթիռ են խոցել Ռուսաստանի տարածքում։ Սա Ռուսաստանի ամենաժամանակակից կործանիչն է, գրում է РБК-Украина-ն։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ) հայտնել է, որ Ռուսաստանում Սու-57 բազմանպատակային կործանիչն առաջին անգամ հարձակման է ենթարկվել։ Դա տեղի է ունեցել Աստրախանի շրջանի Ախտուբինսկի օդանավակայանի տարածքում՝ մարտական ​​գծից 589 կիլոմետր հեռավորության վրա։

ՀԳՎ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել։ Դրանց վրա կարելի է տեսնել, որ հունիսի 7-ին Սու-57-ը կանգնած է եղել օդանավակայանի տարածքում, իսկ արդեն հունիսի 8-ին դրա մոտ հայտնվել են պայթյունի խառնարաններ և բնորոշ հրդեհային բծեր։ Սա Սու-57-ի խոցման առաջին հաջող դեպքն է լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր, գրում է ուկրաինական լրատվամիջոցը։

Սու-57-ը ռուսաստանյան բազմանպատակային կործանիչ է։ Ռուսաստանը այն դասում է հինգերորդ սերնդի կործանիչների շարքին։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ Սու-57-ը փաստացի բնութագրերով չի հասնում հինգերորդ սերնդին։

Ինքնաթիռը նախատեսված է բոլոր տեսակի օդային թիրախները, թշնամու ցամաքային և վերգետնյա նպատակակետերը ոչնչացնելու, օդային տարածքը երկար հեռավորության վրա վերահսկելու, թշնամու շտաբը, հրամանատարական կետերը և հակառակորդի գործընթացների կառավարման համակարգերը շարքից հանելու համար:

Սու-57-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարին։ 2019 թվականին Ռուսաստանը հայտարարել է այդ ինքնաթիռների սերիական արտադրության մեկնարկի մասին, իսկ 2020 թվականին թողարկվել է առաջին սերիական Սու-57-ը։