«Թումո»-ում մեկնարկեցին Քաղ․ պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Պարամեդիկների խումբը տուժածներին ցուցաբերում է առաջին բուժօգնություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը մարտի 1-ից 6-ն իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Գործընթացը մեկնարկեց այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման, Քաղաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, ԱԻՆ ‹‹Աղետների բժշկության կենտրոն›› ՊՈԱԿ-ի պարամեդիկների խմբերը, ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական հաշվարկ, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, թիվ 8 ՀՓՋ-ի մարտական հաշվարկները, Հատուկ հրշեջ ջոկատի և Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ի առաջին օգնության հաշվարկները, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմավորումները և 10 նմանակողներ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև «Շտապ բուժօգնության» 2 բրիգադ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից և ճանապարհային ոստիկանությունից մեկական կարգախումբ, ինչպես նաև «Երևան գազ»-ի, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների վթարային խմբերը:

Ուսումնավարժության պլանի համաձայն՝ հակառակորդը կրկին անգամ խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Մարտի 1-ին ժամը 12:00-ին Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության օպերատիվ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ երկրի օդային սահմանը հատել են հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ: Հնարավոր է նաև օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել է նաև «Թումո»-ի շենքը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել է հրդեհ՝ մոտավորապես 300 մ2 մակերեսով: Առկա է հրդեհի տարածման ու ծխապատման վտանգ:

«Թումո» կենտրոնի ազդարարման համակարգի «Օդային տագնապ» ազդանշանից հետո Կենտրոնի անվտանգության պետը կազմակերպում է շենքի 700 աշխատակիցների պատսպարումը առաջին հարկում, իսկ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը տնօրենի հրամանով կազմակերպում է աշխատակիցների և այցելուների տարհանումը անվտանգ վայր:

Ապա «Թումո» կենտրոնի տնօրենը ահազանգում է 911 ծառայություն:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը կենտրոնի կազմավորումների ուժերով իրականացվում են ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և աոաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Մասնաշենքի անվտանգության աշխատակիցները, իրենց հերթին իրականացնում են շենքի հոսանքի, գազի և ջրի վթարային անջատումներ, նյութական արժեքների ու անհրաժեշտ փաստաթղթերի դուրսբերում:

Ապա, ըստ պլանի, դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ստորաբաժանումերը, որոնք, նախևառաջ, իրանացնում են բացազատում ու հետախուզություն:

Ստեղծվում է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

Դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները: Ճանապարհային ոստիկանության հաշվարկը իր հերթին իրականացնում է տարածքի արգելափակում և երթևեկության սահմանափակում:

Վթարային ծառայությունների վթարային խմբերը իրականացնում են շենքի վթարված կոմունալ էներգետիկ համակարգերի վերականգնման աշխատանքներ:

Հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում, ինչպես նաև շենքի արգելափակված քաղաքացիների, այդ թվում՝ տուժածների տարհանում՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Պարամեդիկների խումբը տուժածներին ցուցաբերում է առաջին բուժօգնություն, ինչից հետո Շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխում են մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժանքի ընթացքում փրկարարները նաև օգնություն ցուցաբերեցին պայմանական ռմբակոծության հետևանքով փլուզված մասնաշենքի փլատակների տակ հայտնված անձանց, ինչպես նաև փրկարարական, մեխանիկական և հիդրավլիկ հատուկ գործիքների միջոցով փլատակների տակ հայտնված մեքենայից դուրս բերեցին արգելափակված քաղաքացուն:

Միջոցառման ավարտին Երևան քաղաքի փրկարարական վարչություն պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վարժանքի մասնակիցներին՝ շնորհավորելով քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Միջոցառումները կշարունակվեն այսօր՝ «Այ-Դի» բանկի գլխամասային գրասենյակում կայանալիք ուսումնավարժությամբ»: