Հանոյում գագաթնաժողովի արդյունքը Թրամփի համար հարված էր

Ասիացիները շատ հստակ են հետեւում արարողակարգին, եւ աշխատանքային ճաշի չեղարկումը հաստատապես բխում է ԱՄՆ-ից

Հանոյում ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովի արդյունքը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար «հարված դարձավ»: Նման տեսակետ է հայտնել բրիտանական Financial Times պարբերականը: Ընդ որում՝ պարբերականը ներկայացնում է փորձագետների կարծիքը, որոնց ենթադրությամբ՝ հանդիպման նման ավարտի պատճառը ինչպես Վաշինգտոնի կողմից դրան վատ նախապատրաստվելն էր, այնպես էլ անձամբ Թրամփի դերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Պարբերականը հիշեցնում է ԱՄՆ առաջնորդին նրա նախկին փաստաբան Մայքլ Քոենի կողմից քննադատելու մասին: Չորեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ ելույթ ունենալիս նա Սպիտակ տան ներկայիս ղեկավարին բնութագրել էր որպես ռասիստ, խարդախ եւ խաբեբա: Financial Times-ը ներկայացնում է նաեւ նախկինում ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներից մեկի՝ Դենիս Ուայլդերի կարծիքը, որը նախկին նախագահ Ջորջ Բուշի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վեցակողմ բանակցությունների ժամանակ: «Իմ հիշողության մեջ աննախադեպ է, որ նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովն այդ կերպ ավարտվի»,- նշել է Ուայլդերը:

«Ասիացիները շատ հստակ են հետեւում արարողակարգին, եւ աշխատանքային ճաշի չեղարկումը հաստատապես բխում է ԱՄՆ-ից: Սրանում է ոչ թե ներքեւից, այլ վերեւից կառուցվող դիվանագիտության վտանգը»,- հավելել է նա՝ նշելով բանակցային գործընթացը կառավարելու Թրամփի փորձերը:

Պարբերականը ներկայացնում է նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակից Ջո Յունայի կարծիքը, որը, մինչեւ անցյալ տարի իր հրաժարականը, մասնակցել էր Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին: Յունայի խոսքով՝ գագաթնաժողովի նման կտրուկ ավարտն արտացոլում է ԱՄՆ կողմից նախապատրաստության բացակայությունը:

Միաժամանակ, Բարաք Օբամայի վարչակազմում Պետքարտուղարության նախկին աշխատակից Դեւիդ Կիմը կարծում է, որ չարժի այս հանդիպման արդյունքը որպես ձախողում դիտարկել: «Երկու առաջնորդներն էլ դեռեւս պահպանում են քաղաքական կամքը եւ բանակցությունները շարունակում են, մենք կարող ենք առաջընթաց ակնկալել ապագայում, նրանք երկուսն էլ դա ցանկանում են»,- ասել է Կիմը: