Այս ամսվա ընթացքում Բակո Սահակյանն արդեն 2-րդ անգամ այցելել է Արցախի հարավային ուղղություն

Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը

Այս ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն երկրորդ անգամ այցելել է Արցախի հարավային ուղղություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է նրա խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի մասնակցում էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը՝ Արցախի, իսկ դա ավտոմատ նշանակում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը շարունակական բարձրացնելու և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավելագույնս ներդաշնակեցնելու համար», – գրել է նա։