Բոլթոնը Իսրայելին կոչ է արել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը

Մանրամասներ
իրան

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դիտարկի Իրանի միջուկային զենքի ծրագիրը վերացնելու հնարավորությունը՝ ի պատասխան Թեհրանի հարձակման։ Նրա խոսքը մեջբերում է CNN-ը։

Նա ընդգծել է, որ Իրանի հարձակումը հրեական պետության տարածքի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի զսպման քաղաքականության ձախողումն էր։ Բոլթոնի տեսանկյունից, Իսրայելի պատասխանը պետք է լինի «շատ ավելի ուժեղ»:

«Գրեթե հաստատ, այս պահին հրթիռներից ոչ մեկը միջուկային մարտագլխիկ չի պարունակել, բայց երբեք չեք կարող վստահ լինել, որ հաջորդ հարձակումը, բալիստիկ հրթիռների հաջորդ համազարկը  միջուկային մարտագլխիկներ չի պարունակի», - ասել է Բոլթոնը:

Այդ կապակցությամբ նա Իսրայելին կոչ է արել դիտարկել Իրանի միջուկային զենքի ծրագիրը վերացնելու հնարավորությունը։ Նախկին խորհրդականը հույս ունի, որ Սպիտակ տունը չի տարհամոզի Բենիամին Նաթանյահուին նման ծրագիր իրականացնելուց։