Թուրքիան Իրանի վերաբերյալ տվյալնե՞ր է փոխանցել Իսրայելին․ Էրդողանի աշխատակազմը հերքում է

Մանրամասներ
էրդողան

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցիալական ցանցերում ավելի վաղ հայտնված տեղեկությունները, ըստ որոնց՝ թուրքական ռադիոլոկացիոն կայանի կողմից Իրանի վերաբերյալ հավաքագրված տվյալները փոխանցվել են Իսրայելին։

«Մալաթիայում «Կյուրեջիկ» ռադիոտեղորոշիչ բազայի վերաբերյալ պնդումները, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերի որոշ օգտահաշիվներում Իսրայելի վերաբերյալ Իրանի հայտարարություններից հետո, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է X–ում կենտրոնի հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ «այդ ռադիոլոկացիոն կայանից ստացված տեղեկությունը փոխանցվում է դաշնակիցներին և օգտագործվում ՆԱՏՕ-ի գործող ընթացակարգերի շրջանակներում՝ դաշինքին պաշտպանելու համար»։

«Անհնար է ռադիոլոկացիոն տվյալներ փոխանցել ՆԱՏՕ-ի դաշնակից չհանդիսացող երկրներին, օրինակ՝ Իսրայելին», - նշել են կենտրոնից։