Բնավորության գծերը կարող են ժառանգաբար փոխանցվել

Վարքագծային ռեակցիաները կարող են հրահրվել բնավորության բնածին գծով, այլ ոչ թե միայն դաստիարակությամբ

Բնավորության որոշ գծեր կարող են ժառանգաբար փոխանցվել: Այս մասին նշված է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Behavior Genetics ամսագրում:

Գիտնականները հետազոտության մեջ են ներգրավել 720 զույգ եղբայրների եւ քույրերի՝ ներառյալ երկվորյակների, արյունակից եւ խորթ ազգականների: Հետազոտության սկզբում կամավորները 12-14 տարեկան էին, իսկ այն ավարտելիս՝ 25-27 տարեկան: Փորձագետներին մասնավորապես հետաքրքրել է, թե փորձարկվողների ընտանիքում ինչպիսի մթնոլորտ է տիրել (դրական կամ բացասական): Դրանից բացի, փորձարկման մասնակիցները հոգեբանական թեստեր են հանձնել, որոնք օգնել են բացահայտել բնավորության այս կամ այն գծերը:

Գիտնականները հետազոտության արդյունքներով հանգել են այն եզրակացության, որ բնավորությունը կարող է ժառանգաբար փոխանցվել: Այսպիսով՝ վարքագծային ռեակցիաները կարող են հրահրվել բնավորության բնածին գծով, այլ ոչ թե միայն դաստիարակությամբ:

Օրինակ՝ արյունակից եղբայրների եւ քույրերի արարքները ավելի նման էին, քան խորթ ազգականների դեպքում, չնայած նրանք մեծացել եւ դաստիարակվել են միեւնույն պայմաններում:

Նյութի աղբյուր՝ news.am